Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ինչո՞ւ չի կայացել հայկական քաղաքական ազգայնականությունը

Ինչո՞ւ չի կայացել հայկական քաղաքական ազգայնականությունը
02.06.2009 | 00:00

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
Կանխելով հնարավոր կենցաղային դատողությունները` միանգամից ընդգծենք, որ ազգայնականությունը, ինչպես ցանկացած քաղաքական գաղափարախոսություն, ենթադրում է որոշակի առաջնահերթությունների առկայություն, որոնք կարող են չժխտել մնացածները։ Ազգայնականությունը ենթադրում է, որ որոշակի ազգի շահերը կարող են համադրվել և հակադրվել այլ ազգի կամ ազգերի շահերին, կարող են չհամապատասխանել այս կամ այն համակարգային արժեքներին և հարաբերությունների ընդունված կանոններին։ Դրանով իսկ ազգայնականությունը միաժամանակ տարբերվում է այնպիսի գաղափարախոսություններից, ինչպիսիք են ռասիզմը կամ շովինիզմը։ Այն թույլ է տալիս մասնակի կամ լիովին համապատասխանություն այլ ազգերի շահերին և հարաբերությունների կանոններին, ինչպես նաև համակարգային տարբեր արժեքներին։
Ազգայնականությունը միջոց է ուժեղ իրավական և տնտեսական, ապահովված անվտանգություն ունեցող առանձին պետությունների և մեծ տարածաշրջանային տարածությունների ձևավորման։ Հաճախ ազգայնական գաղափարախոսությունը թույլ է տալիս ստեղծել անվտանգության լայն համակարգեր, ապահովել տնտեսական ու ռազմաքաղաքական համագործակցություն միջազգային լայն առումով։ Ազգայնականությունը պարունակում է կարևոր և սկզբունքային պայմաններ, ավելի կոնկրետ հումանիզմը` հենված ազգի և մարդու արժեքների, կրոնական և գաղափարախոսական հանդուրժողականության վրա, իսկ որ ավելի կարևոր է, ազգի ազատության գիտակցումը` որպես մարդու ազատության հիմնական պայման։ Մարդը չի կարող ազատ լինել, եթե ազատ չէ նրա ազգը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տարբեր ազգերի ազգայնական գաղափարախոսությունը թույլ տվեց ձևավորել հակահիտլերյան կոալիցիա, որին միացան նացիզմի և ռասիզմի դեմ պայքարել ցանկացող շատ ազգեր։ Հետպատերազմյան ժամանակաշրջանում ազգայնականությունը հայտնվեց որոշակի հակասության մեջ` կոսմոպոլիտ, գլոբալիստական և այլ ունիվերսալ գաղափարախոսությունների հետ, սակայն այդ հակադրությունը չդարձավ ճակատագրորեն անհաղթահարելի, այլ վերածվեց լայն, բովանդակային և բավական ստեղծագործական բանավեճի։ Ազգայնականությունը դարձավ գործիք աջ ու ձախ քաղաքական շարժումների համար, ինչը բազմիցս հանգեցրել է ողբերգության։ Սակայն պատմության մեջ գլխավոր «ձախ նախագծի», այսինքն` խորհրդային բլոկի փլուզման հետ ազգայնականությունը նոր շնչառություն և իմաստավորում ձեռք բերեց։ Փիլիսոփայության մեջ և արվեստում ազգայնական գաղափարախոսությունը թույլ տվեց ստեղծել փայլուն հումանիստական ստեղծագործություններ` ռեալիզմից մինչև դեկադանս, իմպրեսիոնիզմ, ավանգարդիզմ և սյուրռեալիզմ, ինչն այսօր դարձել է ժամանակակից համաշխարհային մշակույթի հիմք։
Եվրոպական նորագույն պատմությունը լի է փայլուն օրինակներով, երբ ազգայնականությունը դարձել է ժամանակակից եվրոպական քաղաքական ձևաչափի կայացման բազային պայման։ Երկու առավել հայտնի պատմական հայտարարությունների միջև տեղավորվում է միլիոնավոր մարդկանց համար հասկանալի ազգայնականության բանաձևը։ «Եթե անգամ հակառակորդը ներխուժի Բրիտանիայի տարածք, ինչը ես անհնարին եմ համարում, մենք կշարունակենք պայքարը ցամաքում, օդում ու ծովում` հենվելով մեր նավատորմի ու գաղութների վրա»,- ասել է Չերչիլը, ինչը չի հակասում ոչ պակաս հայտնի հաջորդ հայտարարությանը. «Մեր գործն արդար է, թշնամին կջախջախվի, հաղթանակը մերն է լինելու»։ Ավելի թույլ ազգերն առաջադրել են իրենց թեզերը, ինչպես, օրինակ. «Լեհաստանը չի անհետացել, քանի դեռ մենք կենդանի ենք»։ Պատերազմից հետո, Գերմանիայի ջախջախումից ընդամենը 4 տարի անց, ստեղծվեց Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, և քչերի մեջ է առաջացել այն միտքը, թե ինչը դարձավ նոր Գերմանիայի ստեղծման գաղափարախոսական հիմք։ Միամիտ կլիներ կարծել, թե ժողովրդավարական Գերմանիան ստեղծվեց նախորդ հասարակության ապազգայնացման արդյունքում։ Գերմանիայի վերածննդի փայլուն արդյունքները հնարավոր դարձան շնորհիվ որոշակի աջ-պահպանողական գաղափարախոսության, որը միայն զգուշավորությունից ելնելով չանվանեցին ազգայնականություն։ Ռասիզմն ու նացիզմը հնարավոր էր դուրս մղել միայն ազգայնականությամբ, ոչ թե ձախ կամ կեղծ լիբերալ գաղափարների միջոցով։
Դը Գոլի ազգայնականությունը ստեղծեց ոչ միայն անկախ և անգլո-սաքսոնական դիկտատից ազատ Ֆրանսիա, այլև նպաստեց միասնական Եվրոպայի ձևավորմանը։ Նույն կերպ Իոսիպ Բրոզ Տիտոն կարողացավ պահպանել Հարավսլավիայի անկախությունն Արևելքի ու Արևմուտքի ոտնձգություններից։ Պիրենեյներում «ֆալանգիստները» ստորացված և բոլորի կողմից արհամարհված Իսպանիայի տեղում ստեղծեցին մի հպարտ ժողովուրդ, հպարտ ու անկախ պետություն` նախապատրաստելով երկրի անցումը դեպի ժողովրդավարություն կաթոլիկ սահմանադրական միապետությունը վերականգնելու ճանապարհով և, ի վերջո, երկիրը մտցրին ՆԱՏՕ ու Եվրամիություն։ Եվրոպական առաջատար ազգերի կողմից ազգայնական գաղափարախոսության գիտակցումն ու դրա նկատմամբ հարգանքը թույլ տվեցին, որ մի շարք երկրներ չներքաշվեն արյունալի պատերազմների մեջ` չնայած Բասկոնիայում, Կատալոնիայում, Կորսիկայում, Կարինտիայում, Տրանսիլվանիայում և այլուր գոյություն ունեցող պրոբլեմներին։ Ազգայնականության նկատմամբ հարգանքը և ոչ թե դրա ժխտումն է բազմաթիվ ժողովուրդների ու պետությունների համակեցության հիմնական նախապայմանը։ Որպես օրինակ կարող են ծառայել այնպիսի խոշոր պետություններ, ինչպիսիք են Հնդկաստանը, Իրանը, ԱՄՆ-ն ու Կանադան։ Ազգայնականության անտեսումն ու դրա ճնշումը հանգեցրին ԽՍՀՄ-ի ու Իրաքի փլուզմանը, նույնը տեղի կունենա Թուրքիայի հետ։
Ազգայնականությունը և ոչ թե լիբերալիզմի մասին կեղծ պատկերացումները հանգեցրին անկախ Հայաստանի ստեղծմանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձևավորմանը և նրանց միավորմանը։ Թվում էր, թե ազգայնական գաղափարախոսությունը տարբեր ձևաչափերով ու պատկերացումներով կդառնա ընդհանրացնող և միավորող գաղափար, կդառնա անձեռնմխելի` այս կամ այն խնդիրների ու պրոբլեմների լուծման պարագայում։ Բարենպաստ գործոն էր և այն, որ Հայաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունները թվակազմով աննշան են, չունեն քաղաքական հավակնություններ և համախմբված են հայերի հետ։ Օբյեկտիվորեն Հայաստանն ունի մի շարք բնական դաշնակիցներ ու գործընկերներ, որոնց հետ կապված է ինչպես անցյալի իրադարձություններով, այնպես էլ բազմաթիվ միջազգային և այլ պրոբլեմների նկատմամբ ընդհանուր մոտեցումով։ Ժամանակակից պատմական փուլը չափազանց նպաստավոր է Հայաստանի համար, և նա կարիք չուներ ազգայնականության առնչությամբ մեծ լարվածության մեջ գտնվելու։ Սակայն արտաքին խնդիրների մի մասը և ամենից առաջ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները, ինչպես նաև արևմտյան հանրության հետ որոշակի հարաբերությունների պարզաբանման գործընթացը պահանջում էր հենվել քաղաքական ազգայնականության վրա։ Անշուշտ, Հայաստանի ազգային շահերի ներկապնակը պարունակում է բավականաչափ էական մեծ ու փոքր խնդիրներ, այդ թվում` ընթացիկ քաղաքականության առումով, որոնք պահանջում են հասարակական-քաղաքական բանավեճ, ինչը չի կարող լինել առանց ազգայնական գաղափարախոսության։ Այդ հիմնախնդիրները միանգամայն տեղավորվում են այս կամ այն պրոբլեմի քննարկման սովորական գործընթացի շրջանակներում, որոնք բնորոշ են եվրոպական խաղի կանոններին։
Միաժամանակ 2008-ի աշնանից մինչև 2009-ի գարուն տեղի ունեցած իրադարձություններն ու բանակցությունները, ինչպես երբեք, ի հայտ բերեցին հայկական քաղաքական ազգայնականության` արտաքին մարտահրավերներն ընկալելու և դրանց արձագանքելու բացարձակ անընդունակությունը։ Պարզվեց, որ վերջին տարիներին առաջնահերթությունների որոշակիացման ձևավորված պրակտիկան, անվտանգության և արտաքին հարաբերությունների խնդիրների լուծման միջոցների ընտրությունը բացարձակապես անհամարժեք են ստեղծված պայմաններում արտաքին քաղաքականություն կառուցելու համար։ Պարզվեց, որ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը կառուցված է գործարար դասակարգի շահերի պահպանման սկզբունքից ելնելով, ինչպես նաև մանր բուրժուազիայի և պարզապես բնակչության սոցիալական նախապատվությունների որոշակի հաշվառումով։ Հայաստանը քշված է մանր բուրժուական բարոյականության դաշտ, և նրա հասարակությունը նախընտրում է ժամանակակից պետության համար բացարձակապես անպետք ու ստորացուցիչ վարքագիծ։ Հարկ է ընդգծել, որ այս պրոբլեմն անհամեմատ ավելի լայն է ու բազմաշերտ, քան ազգայնականության պրոբլեմը, բայց այդ երկուսը շատ փոխկապակցված են։
Քաղաքական ազգայնականությունը չի կարող չունենալ սկզբունքային սուբյեկտներ և կարիք ունի կառուցվածքային-կազմակերպական ձևավորման։ Ընդ որում, որքան կազմակերպված է քաղաքական ազգայնականությունը, այնքան քիչ են ի հայտ գալիս զգացմունքային տրամադրություններ, գնահատականներ և որոշումներ։ Հայաստանում կեղծ քաղաքական ու հասարակական առաջնահերթությունների ներդրման հետևանքով ազգայնական կուսակցությունները և կազմակերպությունները շատ արագ հայտնվեցին էլեկտորալ բնույթի խաղերում, խճճվեցին դրանց մեջ ինչպես ցանցում, որը հմտորեն տեղադրել էին գաղափարախոսական հակառակորդներն ու արտաքին «հովանավորները»։ Իհարկե, տարբեր ընտրություններին մասնակցելու մեջ ոչ մի դատապարտելի բան չկա։ Ընդհակառակը, խորհրդարաններում պետք է լսելի լինի ազգայնականության ձայնը։ Բայց երբ ընտրությունները դառնում են ինքնանպատակ և քաղաքական գործունեության իրականացման միակ միջոց, վրա է հասնում աղետը ոչ միայն հասարակության, այլև այն կուսակցությունների ու կազմակերպությունների համար, որոնք հանդես են գալիս իբրև ազգայնականներ։
Ո՞րն է այդ նախապատվությունների ողջ վնասակարությունը։ Ցանկացած, այդ թվում` ժամանակակից, հասարակությունը, բնութագրվում է հայրենասիրության որոշակի մակարդակով և դժվարությունները տանելու պատրաստակամությամբ` հանուն ազգային շահերի պաշտպանության, որոնք հասարակական գիտակցության մեջ ոչ մի կերպ կապակցված չեն նյութական ու սոցիալական բարեկեցության, անվտանգության ու կայունության հետ։ Իրականում ազգի համար կապիտալի լավագույն ներդրումն ազգային շահերի ոլորտն է, քանի որ անտեսելով այն, վաղ թե ուշ հարկադրված ես լինում «կերակրել ուրիշի բանակը», այն էլ` լավագույն դեպքում։ Հայաստանյան ընտրությունների ժամանակ հաղթանակ են տանում բոլորովին էլ ոչ քաղաքական կուսակցություններն ու քաղաքական գործիչները, ովքեր որոշակի գաղափարախոսության կրողներ են կամ պաշտպանում են որոշակի սկզբունքներ։ Հաղթում են քրեական բնույթ ունեցող խմբավորումները և նրանք, ովքեր գնում են փոխզիջման այդ խմբավորումների հետ։ Հայկական հասարակությունն այլևս ենթակա է ծայրահեղ հոգևոր կոռուպցիայի և պատրաստ է վաճառվելու ում ասես և ինչ գնով ասես։ Տարեցտարի, ընտրություններից ընտրություն կյանքն ապացուցում է այդ ընտրությունների անիմաստ ու վնասակար լինելը և, ընդհանրապես, ժողովրդավարական կանոնների, որոնք հանգեցնում են նրան, ինչ ունենք, ոչ թե նրան, ինչ հռչակագրային ձևով ներկայացված է։
Հայաստանյան ընտրողները երբևէ ֆավորիտ չեն համարելու ազգայնականներին կամ ազգայնական կուսակցություններին։ Եթե անգամ նրանք ազգայնական էլ չեն, բայց կրում են այդ ավանդական պիտակը և պատմության կողմից անգթաբար դասված են այդպիսի կուսակցությունների շարքին։ Հայ հեղափոխական դաշնակցությունը պետք է հպարտանա, որ ունի հստակ ամրագրված ընտրազանգված հարյուր հազար թվակազմով և ոչ թե ընկնի հիստերիկայի մեջ, շփոթված այս ու այն կողմ նետվի այդպիսի սահմանափակ ընտրազանգված ունենալու պատճառով։ Ամրագրված ընտրազանգվածը որոշակի հեղինակության, սեփական տեղի ու դերի առկայությունն է հայկական քաղաքականության մեջ։ Հարկ է ընդգծել, որ այդքան երկար և անսկզբունք պահվածքը դաշնակցության կողմից, որը սկսվեց տասը տարի առաջ իշխանությունների հետ դաշինքի ձևով, հանգեցրեց ընտրազանգվածի հիասթափությանը կուսակցությունից, և այդ ընտրազանգվածը շարունակում է ՀՅԴ-ին ձայն տալ իներցիայից ելնելով, քանի որ չկա այլընտրանք։ Հայաստանում չկա ոչ մի ազգայնական կուսակցություն, կա միայն մի այդպիսի համարում ունեցող ուժ։ Դա ողբերգություն է հայ հասարակության համար, բայց, ցավոք, այն շուտ չի ավարտվի։
Ժամանակին, երբ դաշնակցությունն առաջին քայլերն էր կատարում հայրենիք վերադառնալու, քննարկվեց հարց, թե արդյո՞ք կուսակցությունը պետք է լինի այնպիսին, ինչպիսին ժողովուրդն է, թե՞ պիտի տարբերվի ժողովրդից։ Այն ժամանակ արդեն հասկանալի դարձավ, որ կուսակցական ֆունկցիոներները, ելնելով որոշակի քաղաքական պատվերից, նախընտրեցին «ձուլվել» ժողովրդի հետ և դրանով իսկ, հատկապես ղարաբաղյան պատերազմից և դաշնակցության նկատմամբ բռնարարքների փուլն ավարտվելուց հետո, կուսակցությունը վերածեցին սովորական մի կազմակերպության, ինչպիսիք Հայաստանում մի քանի տասնյակ են։ Ազգայնականության վերջը տրված էր, և այս դեպքում խոսքը ոչ այնքան դաշնակցության, որքան կոպիտ, գրեթե ռազմատենչ արտաքին մարտահրավերներին հայ ժողովրդի արձագանքելու ընդունակության մասին է։
Դաշնակցությունը վերջին ամիսներին ցավալի փորձ ձեռք բերեց, երբ, գտնվելով կառավարող կոալիցիայում, բառացիորեն խաբվեց իր գործընկերներից ու հայտնվեց անտեսված քաղաքական կազմակերպության վիճակում։ Հավանաբար, արտասահմանյան ընկերների ճնշման ներքո կուսակցության առաջնորդները որոշում կայացրին կոալիցիայից դուրս գալու մասին։ Ինչը, ի դեպ, լիովին աջակցություն չգտավ կուսակցության շարքերում կեղծ «պառլամենտարիզմի» և կարիերիզմի ոչ քիչ կողմնակիցների մոտ։ Մայիսի վերջին Փարիզում գումարվեց ՀՅԴ բյուրոյի նիստ, բայց, հավանաբար, սկզբունքային ոչինչ տեղի չունեցավ, և միանգամից կարելի է ասել, որ արևմտյան ճակատում ամեն ինչ անփոփոխ է։
Եթե նույնիսկ ենթադրենք, որ Հայաստանի ազգային հիմնախնդիրների մեծ մասը լուծված է, անգամ այդ դեպքում ազգայնական կուսակցությունը կարիք չունի մաս կազմելու կառավարող կոալիցիա և իր գործունեությունը հանգեցնել դատարկ ու անիմաստ ընտրություններին մասնակցելուն` իրագործելով գործնականում համաձայնողական քաղաքականություն ոչ միայն իշխանության, այլև հասարակության հետ։ Դաշնակցության առաջնորդներից կամ ֆունկցիոներներից որևէ մեկը հազիվ թե կարողանա տրամաբանորեն բացատրել, թե իրենց ինչին էր պետք քաղաքային ավագանու վերջին ամոթալի ընտրություններին մասնակցելը։ Ինչի՞ է դա հանգեցնելու, բացի պարզունակ բյուրոկրատիայի հետ համագործակցությունից։ Դաշնակ-պատգամավորը, դաշնակ-նախարարը, դաշնակ-քաղաքապետը և այլն, ուղղակի նոնսենս են, թեպետ դա արդեն վաղուց վերածվել է կատակերգական իրողության։ Միանգամայն հնարավոր է, որ անցած տասը տարիների հարմարավետ գոյության ընթացքում դաշնակցությունը կորցրել է որոշումներ կայացնելու և, ընդհանրապես, իր կանոնադրային իդեալներն ու ծրագրային խնդիրները պաշտպանելու ընդունակությունը։ Հնարավոր է, որ որոշակի զգացմունքային գրգռվածությունից հետո կուսակցության առաջնորդների մեջ առաջացել են հուսադրող կասկածներ, թե ընդհանուր առմամբ Հայաստանի ղեկավարության քաղաքականությունն այդքան էլ վատը չէ, և այդ թվում` Թուրքիա-Հայաստան-Ղարաբաղ-Ադրբեջան հանգույցում ոչ մի աղետալի բան տեղի չի ունեցել։ Այդպիսի ընկալումը շատ սխալա կլիներ, և հազիվ թե ապագայում այդ հույսերն արդարանան։
Եթե դաշնակցության առաջնորդները հուսով են, որ կվերապրեն իշխանությունների հետ տարաձայնությունների այս ոչ այնքան հաճելի փուլը, ապա պետք է հասկանան, որ շարունակելով իշխանության հետ համագործակցությունը, կարող են բացարձակապես անպաշտպան մնալ այլ հեռանկարի առջև։ Այսինքն` իշխանության գրավումն իրենց անթոլոգիական հակառակորդների կողմից, որոնք, իբրև «արդիական ընդդիմություն», ձգտում են իշխանության։ Կորցնելով հասարակության վստահությունը, դաշնակցությունը կարող է հայտնվել մեկուսացման մեջ, նոր պայմաններում բացարձակապես առանց աջակցության, եթե քաղաքական իրավիճակում, այնուամենայնիվ, այդ շրջադարձը տեղի ունենա։ Ավելի իրական համատեքստում դաշնակցությունը կանգնած է երկընտրանքի առջև . կա՛մ վերադառնալ իշխանությունների հետ դաշինքին և հանդես գալ ընդդեմ ներկա ընդդիմության, կա՛մ էլ սկսել սեփական խաղը և հավատարիմ կողմնակիցներ ձեռք բերել բնակչության զանգվածներում։ Դաշնակցությունն առայսօր մշակված չէ հայկական քաղաքականության համար իբրև նյութ, և այդ կուսակցության հետ բազմաթիվ հույսեր կան կապված։ Գուցե առաջնորդների ռոտացիան կուսակցության մեջ կփոխի՞ իրավիճակը։ Առաջնորդներին բնորոշ է հոգնելն ու իրականության զգացողությունը կորցնելը, իսկ կուսակցության մեջ կան բավականաչափ պատրաստված երիտասարդներ, որոնք ընդունակ են պատասխանատու որոշումներ ընդունելու։ Միգուցե կարելի է դիմել ռիսկի։
Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրներում և առհասարակ, եվրոպական քաղաքական մշակույթի ձևաչափում կրկին առաջացել է քաղաքական ազգայնականության անհրաժեշտություն։ Ինտեգրացիոն գործընթացների հետ չափազանց շատ անպետք բաներ են փաթաթվել ազգերի ու պետությունների վզին։ Ժամանակն է դուրս սողալ կեղծ քաղաքական կոռեկտության առնետային բնից։ Ազգայնականությունը ժողովրդին ու հասարակությանն ուղղված դիմում չէ, այլ պայքար ամենից առաջ այդ նույն հասարակության հետ, նրա պարտվողական տրամադրությունների արհամարհում և ոչ կոնֆորմիստական գաղափարախոսության ու կենսաձևի հաստատում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2435

Մեկնաբանություններ